Աշտարակ քաղաքի Եկղեցիները

Ծիրանավոր եկեղեցի

Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին կառուցվել է 5-6-րդ դարում Ներսես II Բագրևանդցի Կաթողիկոսի հրամանով: Եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ ուղղանկյուն հատակագծով և պայտաձև ապսիդով, որի երկու կողմերում գտնվում են ավանդատները: Դրսից եկեղեցին պաշտպանված է եղել երկու շարք պատերով, ինչը նշանակում է որ այն ծառայել է նաև որպես ամրոց, իսկ Ծիրանավորի մյուս անվանումը՝ Փոքաբերդ, դրա ապացույցն է: Ծիրանավորի արտաքին չափսերն են 12.6×25.3 մետր: Կենտրոնական նավի տանիքը հենվում է երեք զույգ T –ձև սյուների վրա, ինչը հատկանշական է այդ ժամանակաշրջանի հայկական ճարտարապետությանը: Ծիրանավոր եկեղեցու ծածկը փլուզվել է 1815 թվականին:

Ըստ հնուց եկող ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի: Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսերին երջանկություն պարգևելու համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են անդնախոր ձորը: Այս լուրն իմանալով, իրենց փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, իրեն ևս ձորն է նետում, իսկ Սարգիսը այս դառը վշտից դառնում է ճգնավոր: Հետագայում ձորի եզրին երեք եկեղեցիներ են հայտնվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Կարմրավոր եկեղեցի

Աշտարակ քաղաքի բարձրադիր հատվածում կանգնած է փոքր ու պարզ, բայց գեղեցիկ ու խորհրդավոր Սբ. Աստվածածին կամ Կարմրավոր եկեղեցին: Ցավոք մեզ հայտնի չեն եկեղեցու հիմնադրման տարեթիվը և այն կառուցող ճարտարապետի անունը, սակայն եկեղեցու պատերը երիզող մեկտողանոց արձանագրությունից ենթադրվում է, որ այն հանդիսանում է 7-րդ դարի հայկական ճարտարապետության հուշարձան: Ըստ ավանդության, դարեր առաջ Աշտարակում ապրում էին երեք քույրեր, որոնք սիրահարվում են միևնույն երիտասարդի՝ Սարգիս անունով: Երկու ավագ քույրերը որոշում են զոհաբերել իրենց և իրենց սերը՝ հանուն կրտսեր քրոջ երջանկության ու սիրո: Նրանք՝ կարմիր և ծիրանագույն զգեստներ հագած, նետում են իրենց անդնախոր ձորը: Քույրերի մահվան լուրն իմանալով՝ փոքր քույրն էլ սպիտակ զգեստ է հագնում ու նույնպես նետվում ձորը: Սարգիսն իր դառը վշտից ճգնավոր է դառնում: Ձորի եզրին հետագայում երեք եկեղեցի է կառուցվում՝ Կարմրավորը, Ծիրանավորը և Սպիտակավորը:

Սբ. Կարմրավորը կենտրոնակազմ խաչաձև գմբեթավոր կառույցների բնորոշ և անաղարտ պահպանված նմուշներից է: Ըստ նորագույն հետազոտությունների, այս տիպը Հայաստանում զարգացած է եղել դեռևս 5-րդ դարում և ունեցել բազմաթիվ օրինակներ: Եկեղեցին արտաքուստ և ներքուստ խաչաձև, տրոմպային փոխանցումով գմբեթավոր կառույց է: Ութանիստ թմբուկը պսակված է կղմինդրածածկ կորագիծ վեղարով, որը նույնանյութ և նմանաձև տարրի պահպանված հնագույն օրինակն է: Ներսում պահպանվել են որմնանկարների մնացորդներ: Վարպետորեն ընտրված համաչափությունների շնորհիվ ներդաշնակված ծավալներով կառույցը միաձույլ արձանի տպավորություն է թողնում: Կարմրավորի շուրջը տեղադրված են հետաքրքիր խաչքարեր, որոնցից հայտնի է Ծակ-Քարը: Իր անունն այն ստացել է պատվանդանում ունեցած անցքի պատճառով: Հայտնի է, որ 18-րդ դարում Կարմրավորը եղել է նաև կուսանաց վանք: Այնտեղ պահպանված են Կալկաթայից բերված հնդկական մի նկարազարդ վարագույր և Շուխյանց ընտանիքի կողմից նվիրաբերված Շուխոնց ձեռագիր ավետարանը: Եկեղեցու բակում թաղված է հայ նշանավոր բանաստեղծ Գ. Էմինը, որը բանաստեղծության տեսքով փողած իր կտակում ցանկությունն է հայտնել հավերժորեն ամփոփվելու հենց Կարմրավոր եկեղեցու բակում:

Սուրբ Մարինե եկեղեցի

Արագածոտնի մարզ, պետ. ցուցիչ՝ 2.1.17.

Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Համաձայն եկեղեցու աղոթասրահում պահպանված արձանագրության՝ կառուցվել է 1281 թվականին Գրիգոր վարդապետի առաջնորդության օրոք: Եկեղեցին կառուցվել է դարչնագույն տուֆ քարից, պատկանում է ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն հիմքով, գմբեթավոր-սրահ տիպի եկեղեցիների շարքին: Աղոթասրահի արևելյան` ավագ խորանի երկու կողմերում, տեղադրված են կրկնահարկ ավանդատներ, իսկ արևմտյան կողմի անկյունները հիշեցնում են ուղղանկյուն հիմքով սենյակներ: Գմբեթատակ քառակուսուց անցումը դեպի թմբուկը իրականացված է առագաստների միջոցով: Թմբուկը նեքուստ շրջանաձև է, արտաքուստ` տասանիստ, բոլոր տաս նիստերին բացված են եղել պատուհաններ: Եկեղեցու մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան ճակատներից:

Եկեղեցին բազմիցս ենթարկվել է վերանորոգման. մասնավորապես 1317 թվականին Հակոբ երեցը նախաձեռնում է եկեղեցուն շրջապատող պարսպի վերանորոգումը: 1838-1839 թթ. եկեղեցուն արևմտյան կողմից կցվել է փայտաշեն ժողովրդանոց, իսկ այդ նույն ժամանակ Աշտարակցի Գևորգ Փարվանյանը հարավային կողմի տանիքի վրա տեղադրել է փոքրիկ զանգակատուն: Հիշյալ փայտաշեն ժողովրդանոցը երկար չի ծառայել և XX դարի սկզբին այն վերակառուցվել է քարից, սակայն անավարտ է մնացել և այդ տեսքով պահպանվել է մինչ օրս: Հուշարձանի հարդարանքից հատկապես ցանկանում ենք առանձնացնել ճակատային պատուհանները բոլորող ջլակապ խաչաձև հորինվածքները: Սակայն հուշարձանը արդեն իսկ վեհաշուք է իր համաչափ ծավալի վերձիգ սլացիկությամբ՝ բավականաչափ բարձրացող պատեր և անսովոր, բայց ծավալի մեջ ներդաշնակ բարձր թմբուկ և նիզակի պես երկինք մխրճվող սրածայր գմբեթ:

Թերևս սրանով է պայմանավորված եկեղեցու ավագ խորանի բարձր բեմի կառուցվածքը: Սբ. Մարինե եկեղեցու կառուցման մասին Աշտարակում պահպանվել է ավանդույթ, ըստ որի՝ Աշտարակում մի ժամանակ եղել է երիտասարդ ունևոր քահանա, որը վաղաժամ զրկվել էր իր երեցուհուց։ Նա կաթողիկոսից խնդրել է իրավունք՝ կրկին ամուսնանալու։ Կաթողիկոսը մերժել է նրա ապօրինի խնդրանքը և ցանկացել է այնպես անել, որ քահանան գիտակցի իր խնդրանքի անտեղի լինելը և հրաժարվի իր ցանկությունից։ Նա պատվիրել է նրան նախևառաջ մի եկեղեցի կառուցել, հետո նոր` ամուսնանալ։ Քահանան իրականացնում է նրա պատվերը և վիթխարի ջանքերի գնով կառուցում է Սբ. Մարինեն։ Տաճարը կառուցելուց հետո նա վերստին դիմել է նույն խնդրանքով, սակայն իր համար անսպասելի նոր պատվեր է ստացել. այս անգամ խնդիր է դրվել շրջապատել եկեղեցու բակը` ամուր և բարձր պարիսպներով, ինչպես նաև միաբանության համար կառուցել խցեր: Քահանան իրականացրել է նաև հիշյալ պատվերը` ծախսելով իր ողջ կարողությունը: Հասակ առած երեցը, երբ այդ ամենից հետո իրավունք է ստացել ամուսնանալու, հրաժարվել է իր ցանկությունից և ապաշխարել հանուն ցմահ բարեկրոնության՝ միաբան գրվելով իր եկեղեցուն և նրա եղբայրությանը։

Սպիտակավոր եկեղեցի


Վայոց Ձորի մարզում է գտնվում միջնադարյան Սպիտակավոր Սբ. Աստվածածին վանքը: Վանական համալիրը կազմված է եկեղեցուց, զանգակատնից, գավթից և շրջապատող ամրոցապատերից։ Հարուստ և առանձնահատուկ է նաև եկեղեցու արտաքին զարդարանքը, որը ընդհանրություններ ունի Նորավանքի հետ։ Ենթադրվում է, որ այս 2 վանքերը կառուցվել են նույն վարպետի /վարպետների/ կողմից։ Եկեղեցու մուտքի բարավորը զարդարված է Աստվածամոր բարձրաքանդակով, որը հայկական միջնադարյան քանդակագործության հայտնի նմուշներից է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *