Կենդանիների վեճը

Ղազարոս Աղայան

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

– Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում,երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:

– Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել: Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:

– Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:- Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարի: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ, շան լեզվիցն ազատեց, ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր օնլայն բառարանի օգնությամբ:

Լծում – լուծը հագցնել

Սայլին – անվավոր հարմարանք բեռ տեղափոխելու համար

Խպշտում – ուտում, խժռում

Խնոցի – երկարավուն անոթ կաթ հարելու համար

  • Ինչպիսի՞ն էր կենդանիների տերը։

Բարի, մեծահոգի, բոլորին սիրող

  • Առանձնացրո՛ւ տիրոջ խոսքը: Համամի՞տ ես նրա հետ:

Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց։       Այո, համամիտն եմ նրա հետ։

  • Ո՞ր հերոսին հավանեցիր, ինչո՞ւ:

Ես հավանեցի Տերին, որովհոտև նա շատ բարի է, հոգատար և մեծահոգի։

  • Կենդանիներից որևէ մեկի մասին 5-10 փաստ առանձնացրո՛ւ և հրապարակի՛ր բլոգումդ:

https://abrahamyant1.edublogs.org/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *